Հունիսի 18-ին, ժամը 1-50-ի սահմաններում, ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել, որ տարբեր վնասվածքներով Կենտրոնական զինվորական հոսպիտալ են տեղափոխվել 2 անձ: Ոստիկանները պարզել են, որ վերջիններս վնասվածքները ստացել են հունիսի 17-ի երեկոյան՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրում:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը «Առաջին լրատվական»-ին հայտնեց, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով ծեծի ենթարկվածները զինվորական բժիշկներ են: Վերջիններիս ծեծի են ենթարկել ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի անվտանգության աշխատակիցները: Նրանցից մեկը, ըստ «Առաջին լրատվական»- ի տեղեկությունների, ՀՀ ՊՆ Երևանի կայազորի հոսպիտալի Ուրոլոգիայի բաժնի պետ, մայոր Վահե Ավետյանն է, իսկ մյուսը Արտակ Բայադյանն է:
Վահե Ավետյանը տեղափոխվել է Մուրացանի զինվորական հոսպիտալ և գիշերը ենթարկվել գանգուղեղի վիրահատության:
Բժիշկները Ավետյանի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր։ Նա դեռևս դուրս չի եկել կոմայից և վերակենդանացման բաժանմունքում է։










































