Պաղեստինա-իսրայելական խաղաղության գործընթացը «կլինիկական մահվան» վիճակում է: Այսպիսի հայտարարություն է արել Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասը՝ ստեղծվածի պատասխանատվությունը դնելով Իսրայելի վրա:
Ինչպես հաղորդում էITAR-TASS-ը, Աբասն ասել է, որ պաղեստինյան կողմերը կատարել են միջազգային համաձայնագրերով ստանձնած իրենց բոլոր պարտավորությունները, և «գնդակն այժմ իսրայելական կողմում է»: Բացի այդ, Պաղեստինի ղեկավարը Իսրայելին մեղադրել է այն բանում, որ նրա բնակավայրերի շինարարության քաղաքականությունը խաթարում է երկու պետությունների հիմքի վրա համաձայնագրի հասնելու սկզբունքը:
Աբասը հայտարարել է, որ պաղեստինցիները հակված են երկու պետությունների սկզբունքին և բանակցությունների ճանապարհով խաղաղության հասնելուն, որոնք «պետք է հանգեցնեն 1967 թ. սահմաններով Պաղեստին պետության լիակատար ճանաչմանը»:
Հիշեցնենք. ավելի վաղ Մահմուդ Աբասը նամակ էր հղել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին՝ իր պայմաններն առաջարկելով խաղաղության բանակցությունների վերսկսման համար: Ի պատասխան՝ Նեթանյահուն կոչ էր արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ առանց նախապայմանների:











































