Նիգերիայի հյուսիսում տեղի ունեցած մի քանի պայթյունների արդյունքում զոհվել է առնվազն 12 մարդ, տուժել է ավելի քան 80 մարդ: CNN հեռուստաալիքի տվյալներով՝ զոհվել է 15 մարդ: Միաժամանակ, ինչպես հաղորդում է Interfax-ը, ականատեսները չեն բացառում, որ զոհերի թիվը կավելանա:
Ինչպես հաղորդում են համացանցային ԶԼՄ-ները, Նիգերիայի հյուսիսում Կադունա նահանգում իշխանություններն իրենց հերթին 24-ժամյա պարետային ժամ են հայտարարել:
Նշենք, որ 2 պայթյուն է տեղի ունեցել Զարիա քաղաքում: Առաջինի դեպքում մահապարտն ավտոմեքենայով բախվել է եկեղեցուն: Մոտ մեկ ժամ անց մի քանի զինված մարդիկ ռումբ են նետել մեկ այլ եկեղեցու վրա: Երրորդ եկեղեցու վրա հարձակումը տեղի է ունեցել Կադունա քաղաքում:
Reuters-ի տեղեկության համաձայն՝ Զարիա քաղաքում երկրորդ եկեղեցում տեղի ունեցած կրակոցներից հետո երիտասարդները, որոնք ենթադրաբար պատկանում են քրիստոնեական կրոնական հոսանքներին, հաշվեհարդար են տեսել հարձակվողների հետ, ապա արգելափակել են ճանապարհը: Դրանից հետո նրանք հարձակվել և սկսել են սպանել մուսուլման անցորդներին: Ականատեսներից մեկի վկայությամբ՝ փողոցային հաշվեհարդարի զոհ է դարձել մինչև 20 մարդ:









































