«Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի առաջին փուլում վերակառուցման ենթակա Երևան-Արարատ և Երևան-Աշտարակ հատվածները ողջ ճանապարհի առավել լավ վիճակում գտնվողներն են: Իսկ ընդհանրապես Հայաստանում, հատկապես հեռավոր մարզերում, շատ են այն ճանապարհները, որոնք գրունտային են կամ խիստ վնասված և դրանց վերակառուցումը պարզապես կենսական նշանակություն ունի: Սակայն կառավարությունը որոշեց գերադասել գործող և լավ վիճակում գտնվող ճանապարհը «կարգի» բերել:
ՀՀ տրանսպորտի և կապի արդեն նախկին նախարար Մանուկ Վարդանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ «Հյուսիս-Հարավ»-ը միջպետական ճանապարհ է, հատուկ ծրագիր, սկսում է Բավրայից, ավարտվում՝ Մեղրիում. «Առաջնահերթությունը, թե ինչո՞ւ են այդ հատվածներն ընտրվել, դե 2009-ին այդպիսի ծրագիր է ընտրվել և ինչ-որ մի տեղից պետք է սկսել: Մեր միջպետական ճանապարհների ամբողջովին վերակառուցման խնդիր կա, որտեղից էլ սկսեինք, այդ խնդիրը առկա կլիներ: Մենք այսօր բավականին վատ վիճակում ճանապարհահատված ունենք Սիսիանից մինչև Մեղրի, նկատի ունեմ մինչև Գորիս-Կապան հատվածը, ոչ լավ վիճակում են նաև Թալին-Գյումրի հատվածները: Դրանք պետք է ժամանակակից ստանդարտների բերվեն: Քանի որ ճանապարհ ենք կառուցում, պետք է ինչ-որ տեղից սկսենք: Հույս ունենք, որ կսկսենք Թալինից դեպի Աշտարակ և հակառակը դեպի Գյումրի»:
Նա հայտնեց, որ արդեն պատրաստ է երրորդ տրանշի նախագիծը, սկսվում են բանակցությունները Ասիական բանկի հետ, և հավանաբար մինչև աշուն այդ հարցը կլուծվի: Մ. Վարդանյանը նշեց, որ հաջորդ փուլը կլինի դեպի հարավ:









































