«Աքիլլես» ավտովարորդների ՀԿ-ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց հունիսի 2-ից կիրառվող ավտոճանապարհային օրենքների փոփոխությունների մասին:
Նա հատկապես ուշադրություն դարձրեց Ռուբինյան փողոցում տեղադրված արագաչափին՝ նշելով, որ այն ոչ տեսանելի տեղում է. «Օրենքում գրված է, որ 100 մետրից պետք է երևա արագաչափի նշանը, սակայն 10 մետրից էլ չի երևում: Այս արագաչափի հետ կապված՝ ունենք շուրջ 30 դիմում»:
Բանախոսն ասաց, որ դիմումները ներկայացրել են ՃՈ, որ տուգանքները հանեն: Նշված տարածքում արագությունը չպիտի գերազանցի 40 կմ/ժ-ը, քանի որ մոտակայքում դպրոց կա:
Է. Հովհաննիսյանի կարծիքով՝ ՃՈ-ի խնդիրը գումարներ հավաքելն է. «Այդ գումարները հավաքվում և մուտքագվում են արտաբյուջետային ֆոնդ»:
Նա խոսեց նաև ապակիների մգեցման մասին և նշեց, որ առջևի մեծ ապակին պիտի 75% տեսանելի լինի, վարորդի կողքի երկու ապակիները՝ 70%, իսկ հետևի ապակիները կարող են մուգ լինել. «Չգիտես ինչու, այս օրենքը գրված է, սակայն չի կիրառվում, այս խնդրի համար կար 200 սարք, հիմա դրանք էլ չեն տեղադրված ճանապարհներին»:








































