Բջջային սարքեր արտադրող ֆիննական Nokia ընկերությունը դադարեցրել է բյուջետային սմարթֆոնների համար օպերացիոն համակարգերի մշակումը: Այս մասին հայտնում է All Things Digital-ը՝ հղում անելով ընկերության մոտ աղբյուրներին:
Նախագիծը կրել է կոդային Meltemi անվանումը: Համակարգը, որը ցանկացել է մշակել Nokia-ն, պետք է հիմնված լիներ Linux միջուկի վրա: Դրա կառավարմամբ ծրագրվում էր թողարկել սմարթֆոններ, որոնք էժան կլինեին, քան Android օպերացիոն պլատֆորմով սարքերի մեծամասնությունը: Նախագիծը ղեկավարել է Nokia-ի փոխնախագահ Մերի Մակդաուելը:
Այժմ Nokia-ն թողարկում է Lumia ապարատներ՝ Windows Phone օպերացիոն համակարգով, Symbian պլատֆորմով սմարթֆոններ և S40 օպերացիոն համակարգով Asha բջջային սարքեր:
Meltemi նախագծի մասին ԶԼՄ-ները հաղորդել էին 2011-ի աշնանը, սակայն Nokia-ն անձամբ չի հաստատել նախագծի գոյությունը:
2012 –ին Nokia-ն բախվել է զգալի վնասների հետ, ինչպես նաև կորցրել աշխարհում բջջային սարքերի խոշորագույն արտադրողի կարգավիճակը: Հունիսին պարզ դարձավ, որ ընկերությունը կկրճատի 10 հազար աշխատատեղ, ինչպես նաև կփակի Ֆինլանդիայում գտնվող ձեռնարկությունն ու Կանադայում ու Ֆինլանդիայում տեղակայված հետազոտական բաժանմունքները:









































