The Beach Boys կալիֆոռնիական խումբը գերազանցել է The Beatles-ի ռեկորդը՝ Billboard 200 ամերիկյան հիթ շքերթի առաջին տասնյակում գտնվելու տարիների քանակով:
Խմբի «That’s Why God Made the Radio» ալբոմը, որը թողարկվել է 2012-ի հունիսի 5-ին, հայտնվել է հիթ շքերթի 3-րդ հորիզոնականում՝ այդպիսով դարձնելով խմբի ներկայությունը հիթ շքերթի տասնյակում 49 տարի, մեկ շաբաթ:
Ժամանակ առ ժամանակ Billboard –ում հայտնվելով՝ The Beatles-ի ներկայությունը ընդհանուր առմամբ տևել է 47 տարի ութ ամիս:
Առաջին անգամ լիվերպուլյան քառյակը թոփ ցուցակի տասնյակում է հայտնվել 1964-ի ձմռանը, իսկ վերջին անգամ՝ 2011-ի հոկտեմբերին: The Beach Boys-ի մուտքը հիթ շքերթ եղել է 1963-ի ամռանը:
Հիթ շքերթում, դեբյուտային ալբոմից սկսած, ներկայության բացարձակ ռեկորդակիր է Ֆրենկ Սինատրան՝ 52 տարի, երկու ամիս և մեկ շաբաթ: Այն առաջին անգամ հայտնվել է շքերթում 1956 թվականի ապրիլին «Songs for Swingin’ Lovers» ալբոմով: Սինատրան շքերթը եզրափակել է 2008-ի հունիսին «Nothing But the Best» ալբոմով:











































