ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը պատասխան է տալիս այն համակարգի առջև, որին ծնունդ տվողներից և որը կառուցողներից մեկն էլ 14 տարի ինքն է եղել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայ ազգային կոնգրեսի անդամ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը՝ անդրադառնալով Օսկանյանի՝ փողերի լվացման մեջ մեղադրվելու կասկածանքով ԱԱԾ հարցաքննության կանչվելու փաստին:
Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ Միասնական ընտրական շտաբի մաս կազմող կուսակցություններն իրենց ուժերը միավորեն ի պաշտպանություն ՀՀ նախկին արտգործնախարարի, Մակեյանը պատասխանեց. «Գործողությունները, որ այժմ կատարվում են Օսկանյանի անձի հանդեպ, նա տարիներ առաջ կատարել է այլ անձանց նկատմամբ: Իշխանություններն իրենց հետ աշխատող յուրաքանչյուր գործչի հետ կապված՝ կուտակած փաստեր ունեն և պետք եղած ժամանակ շինծու կամ ոչ շինծու կերպով գործի են դնում դրանք: Այժմ հերթը Օսկանյանինն է»:
Ամփոփելով՝ ՀԱԿ անդամը նկատեց, որ իր ղեկավարած կուսակցությունն ու անձամբ ինքը կտրականապես դեմ են ներքաշվել Վարդան Օսկանյանին պաշտպանող ցանկացած գործընթացի մեջ: «Նա ստանում է այն, ինչին արժանի է»,- ամփոփեց ընդդիմադիր գործիչը:
Հիշեցնենք, որ օրերս ՀՀ նախկին արտգործնախարար, «Սիվիլիթաս» հիմնադրամի նախկին նախագահ և այժմ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանն Ազգային անվտանգության ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում կանչվել է ԱԱԾ և որպես վկա՝ հարցաքննվել:
Նախկին պաշտոնյան հրավիրվել էր ցուցմունք տալու Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ կետի («Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը)») հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում, որն առնչվում է իրեն և իր հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամի գործունեությանը:
Ավելի ուշ Օսկանյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ նշել էր. «Զարմանալի է, որ նման հարց առաջ է քաշվում հենց այն ժամանակ, երբ ես ներգրավվել եմ քաղաքական գործընթացներում: Ակնհայտ է, որ հարուցված քրեական գործի հետևում քաղաքական պատվեր կա»:








































