Եվրախորհրդարանում իտալացի պատգամավորները պահանջել են շրջանառությունից հանել Սլովենիայում հատված երկու եվրոյանոց մանրադրամները։ Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։
Իտալացի չորս պատգամավորներ հանդես են եկել նման նախաձեռնությամբ, քանի որ այդ մանրադրամի վրա պատկերված է Հարավսլավիայի ղեկավար Տիտոյի ժամանակաշրջանում պաշտոնավարած գեներալ Ֆրանց Ռոզման Ստանեն, ով Հարավսլավիայի հերոս էր և Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ղեկավարել էր պարտիզանական պայքարը։ Իտալացի պատգամավորների կարծիքով՝ գեներալը ժամանակին իրականացրել է էթնիկական զտումներ՝ մոտ 350 հազար իտալացիների ստիպելով լքել իրենց բնակավայրերը։
Ի պատասխան այս նախաձեռնության՝ Սլովենիայի պատգամավոր Իվո Վայգլը անմիջապես հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, որ իտալացի պատգամավորների պնդումների համար, թե տեղի են ունեցել նման զտումներ, ոչ մի ապացույց չկա։ Փորձագետների կարծիքով՝ այս բանավեճը կարող է հանգեցնել միջպետական դիվանագիտական սկանդալի։









































