Սիրիայում ՄԱԿ դիտորդները հասել են Հաֆա քաղաք, որտեղից վերջին օրերին տեղեկություններ էին գալիս խաղաղ բնակիչների սպանությունների մասին:
Դիտորդների հայտարարության մեջ նշվում է, որ քաղաքն ամբողջությամբ դատարկ է, պետական հաստատությունների մեծ մասը, ներառյալ՝ փոստը, այրված են, բնակելի տները՝ թալանված: Այս մասին հայտնում է «Ռոսբալտը»:
Հաֆայում բաասիստների կենտրոնակայանը ենթադրաբար գնդակոծվել է ու դարձել արյունալի մարտերի վայր: Քաղաքում տեսանելի են տարբեր տրամաչափի զինատեսակների հետքեր, այրված են քաղաքացիական ու ռազմական ավտոմեքենաներ:
Դիտորդները հայտարարել են, որ քաղաքի որոշ շրջաններում բախումները դեռ շարունակվում են:
Միաժամանակ դեռ հայտնի չէ զոհերի իրական թիվը: Հիշեցնենք, որ դիտորդները փորձում էին Հաֆա հասնել դեռ հունիսի 7-ից, սակայն չէին կարողանում տեղացիների զայրացած ամբոխի ու զինվորականների արգելքների պատճառով:










































