Արդեն երկար ժամանակ է, ինչ Հանրային հեռուստաընկերությունում չեն նկարահանվում «Ազատ գոտի» հաղորդաշարի նոր ծրագրեր: «Ազատ գոտու» հաղորդավար Արտակ Վարդանյանն այլևս չի վարելու այս հաղորդաշարը: Այս փոփոխությամբ պայմանավորված տարաբնույթ բամբասանքներ տարածվեցին այն մասին, որ Հանրային հեռուստաընկերության տնօրինությանը բողոքներ են հասել, որ Արտակ Վարդանյանն անհարգալից է վերաբերվել հաղորդման մասնակիցներին, ընդհուպ հյուրերից մեկին անվանել է «անդաստիարակ»:
Ըստ «Առաջին լրատվական»-ի աղբյուրների` հյուրերը բազմիցս իրենց մտահոգությունն են հայտնել հաղորդավարի տարիքի վերաբերյալ և չեն ցանկացել մասնակցել հաղորդմանն այդ պատճառով: Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց հեռուստալրագրող Արտակ Վարդանյանը, իր կոռեկտությունը երբեք թույլ չէր տա հաղորդման հյուրերից որևէ մեկին վիրավորել կամ անհարգալից վերաբերվել:
Անդրադառնալով շրջանառվող խոսակցություններին, թե իրեն հանել են Հանրային հեռուստատեսությունից, նա ասաց, որ իր կամքով է դուրս եկել «Ազատ գոտուց», որովհետև ավելի լավ նախագծի առաջարկ է ստացել: «Քանի որ սեփական կամքով եմ դուրս եկել, դա էլ տարատեսակ խոսակցությունների առիթ է տվել՝ իբր հանել են և հեռացրել Հանրային հեռուստատեսությունից, ընդամենն ավելի լավ նախագծի առաջարկ կա, որի վրա հենց հիմա ևս աշխատում եմ: Ինձ կանչեցին և ասացին, որ նոր եթերաշրջանում առաջարկում են առավել լավ նախագիծ, և ես մեծ սիրով ընդունեցի այդ առաջարկը, որովհետև առաջարկը շատ ավելի լավն է»,- նշեց Արտակ Վարդանյանը` հավելելով, որ սեպտեմբերից «Ազատ գոտի» հաղորդաշարը եթերում կլինի այլ հաղորդավարով:
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով` այս պահին բանակցություններ են ընթանում Հանրային հեռուստաընկերության և հեռուստալրագրող Էրիկ Անթառանյանի փաստաբանների միջև, որոնք հստակեցնում են երկու կողմերի համագործակցության պայմանագիրը:









































