ՆԱՏՕ-ն ոչ միայն ռազմական կառույց է, այլև՝ քաղաքական, հետևաբար զարմանալի չէ, որ նա Վրաստանի անդամությունը պայմանավորում է ժողովրդավար ընտրություններ անցկացնելու հանգամանքով: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման նախագահ Առնոլդ Ստեփանյանը:
«Չկա ՆԱՏՕ-ի անդամ մի երկիր, որը ոչ ժողովրդավար է, կամ որի ղեկավարը բռնատեր լինի: Բացի այդ, շատ կարևոր է, որ տվյալ երկրի քաղաքացիները սատարեն, վստահեն իրենց իշխանություններին: Ժողովրդի վստահության դեֆիցիտի պարագայում կարող են բազմաթիվ խնդիրներ ծագել: Կոնկրետ վրացի ժողովրդի մեծ մասը կողմ է, որ իր երկիրը ՆԱՏՕ-ի անդամ դառնա, ինչը Վրաստանի անվտանգության տեսակետից շատ շահեկան կլինի: Միաժամանակ, չեմ կարծում, որ վրացական իշխանությունների վայելած վստահության մակարդակը շատ մեծ է: Մի քանի տարի առաջվա համեմատությամբ վստահության չափը նվազել է»,- ասաց Առնոլդ Ստեփանյանը՝ հավելելով, որ սոցիոլոգիական որոշ հարցումների տվյալներով՝ վրացական իշխանություններին վստահում է ժողովրդի միայն 60 տոկոսը:
«Նոր ցուցանիշները պարզ կդառնան ընտրություններից հետո»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ Վրաստան այցելած ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթյուրայը հայտարարել է. «Պատրաստ է արդյոք Վրաստանն անդամակցել ՆԱՏՕ-ին, թե` ոչ, պարզ կդառնա առաջիկա նախագահական և խորհրդարանական ընտրություններից հետո»:








































