Ամեն տարի «Հուշամատյան» ՀԿ-ն հիշատակի միջոցառում էր անցկացնում Վանաձորի Երկաթուղայինների այգում տեղադրված Բռնադատվածների հուշարձանի մոտ: Բռնադատվածների հետնորդները հիշում էին իրենց ծնողներից լսած պատմություններն ու վերապրում այդ օրերը: ՀԿ-ի ղեկավարի առողջական վիճակի վատացման պատճառով այս տարի հիշատակի ցերեկույթ չկազմակերպվեց:
Արդեն Բռնադատվածների զավակների շարքերն էլ են նոսրացել։ Նրանց հանդեպ, պետական ոչ մի հոգածություն չի ցուցաբերվել այս տարիներին, ժամանակին եղած արտոնություններից այժմ զրկվել են։ «Ոչ մի հարցով, ոչ մեկին չենք կարող դիմել, մի երկու կոպեկ ունեինք, գոնե էդ գումարը մեզ տային: Բռնադատվածի կարգավիճակով վարձով եմ ապրում, նպաստ չեմ ստանում, դիմել եմ քաղաքապետին հանրակացարանի մի փոքրիկ սենյակ տրամադրելու համար, սակայն այդ խնդրանքն էլ է մերժվել»,- ասում է Գրետա Մարիկյանը:
Մի քանի հոգով նրանք միացել ու դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին՝ նախկինում եղած իրավունքները վերականգնելու համար, սակայն հուսադրող ոչ մի պատասխան չեն ստացել:
Հիշատակի օրն անտեսվեց քաղաքային և մարզային իշխանությունների կողմից: Միակ պաշտոնյան, որ հիշել էր Բռնադատվածների օրվա մասին ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն էր: Բռնադատվածների հետնորդների հետ զրույցում նա իր պատրաստակամությունը հայտնեց հանդիպել և քննարկել այն հարցերը, որոնք հուզում են նրանց։ «Ես մեկն եմ 131-ից, բայց կարող եմ նրանց խնդիրները բարձրացնել ԱԺ-ում: Կարծում եմ՝ արդարացի չէ, որ այս մարդկանց հանդեպ պետական հոգածություն ու աջակցություն չի ցուցաբերվում, որովհետև ՍՍՀՄ-ի ընթացքում քաղաքական հետապնդման ենթարկված անձինք ՀՀ-ի տարածքում պետք է գնահատվեն պետության կողմից, որոշակի արտոնություններ սահմանվեն: ԱՊՀ մյուս երկրներում արտոնություններ են սահմանված, որովհետև ՍՍՀՄ-ի փլուզումից հետո անկախ պետությունները ժառանգել են ամեն ինչ, նաև այս բռնադատված մարդկանց և նրանց նկատմամբ ունեն որոշակի պարտականություններ»,– ասաց Մարուքյանը:
Ինչպես բռնադատվածների ժառանգներն են ասում, անկախության տարիներին իրենք անտեսված են եղել, միայն «Հուշամատյան» ՀԿ-ի նախաձեռնությամբ երկաթուղայինների այգում հուշարձան է կանգնեցվել ու բռնադատվածների թանգարան հիմնադրվել, որը, սակայն, հրդեհվել է, և այժմ հետնորդները ոչ մի հիշատակ ու լուսանկար չունեն:









































