ՀՀ կառավարությունը 76 մլն 659 հազար դրամ կվճարի «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին` որպես Հայաստանում անապահով ընտանիքների կողմից 2012 թ. հունվար-մարտ ամիսներին սպառած բնական գազի համապատասխան քանակության համար մասնակի փոխհատուցում: Սրա համար հիմք է ընդունվել «ՀայՌուսգազարդ»-ի ներկայացրած համապատասխան տեղեկատվությունը: Այս մասին որոշումն այսօր ընդունվել է կառավարության նիստում:
«ՀայՌուսգազարդ»-ին առաջարկվել է 2011թ. ապրիլի 1-ից մինչև 2012թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում բնական գազ սպառող անապահով ընտանիքներից 300 խմ գազի քանակության համար վճարումները գանձել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատած սակագնից (1000 խոր. մետրի համար` 132,0 հազ. դրամ) նվազեցված գնով` 1000 խոր. մետրի համար` 100 հազ. դրամի չափով: Որոշման 2-րդ կետի համաձայն՝ 1000 խոր. մետրի համար` 32 հազ. դրամ կազմող գների տարբերության գումարը (յուրաքանչյուր անապահով ընտանիքի հաշվարկով 300 խոր. մետր գազի քանակության համար) «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին պետք է փոխհատուցվի ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի պետական ընկերությունների վերազինման, օպտիմալացման և բարեփոխումների արդյունքում առաջացող շահույթի հաշվին:
«ՀայՌուսգազարդ»-ը պետք է տեղեկատվություն ներկայացնի փոխհատուցման ենթակա 76.659,904 հազար դրամ գումարի վերաբերյալ:









































