Կառավարության կազմը պարզ կլինի մոտ օրերս, ինչից հետո միայն հնարավոր կդառնա խոսել կառավարության ծրագրի մասին: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը:
Անդրադառնալով ՀՀ ԱԳ նախկին նախարար, ԲՀԿ-ական նորընտիր պատգամավոր Վարդան Օսկանյանի իր հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամի գործով ԱԱԾ հարցաքննության կանչվելու փաստին՝ պատգամավորը նկատեց. «Ես ուղղակի ձեռնպահ կմնամ մեկնաբանություններ անելուց: Հարգենք անմեղության կանխավարկածը: Մյուս կողմից՝ կա փաստի առթիվ հարուցված քրեական գործ, և պետք է սպասել հնարավոր զարգացումներին:
Միաժամանակ, ես բացառում եմ, որ իրադարձությունը պայմանավորված է քաղաքական դրդապատճառներով: Ես չէի պատասխանի՝ զուգադիպությո՞ւն, թե՞ պատահականություն էր Վարդան Օսկանյանի հետ կատարվածը: Ես խորին հարգանքով եմ վերաբերվում այն պետական այրերին, ովքեր նպաստել են մեր երկրի կայացմանը, Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացմանը, մանավանդ, երբ խոսքը վերաբերում է ՀՀ նախկին արտգործնախարարին:
Բացի այդ, մարդկային առումով պարոն Օսկանյանին բավական դրական եմ վերաբերվում, սակայն ինչքան էլ խոսենք, առկա են անվիճելի փաստեր: Վերստուգիչ պալատի հայտնաբերած խախտումներն ակնհայտ են, այնպես որ՝ վերջին խոսքը դատարանինն է»,- ասաց Արտակ Դավթյանը:
Պատգամավորի խոսքով՝ Վարդան Օսկանյանի, ինչպես նաև ՀՀ ցանկացած քաղաքացու իրավունքն է մասնակցելու առաջիկա նախագահական ընտրություններին՝ իր ուզած ձևաչափով. «Եթե Վարդան Օսկանյանը որոշի առաջադրվել նախագահի պաշտոնում, ապա դա նրան և նրա կուսակցության սուվերեն իրավունքը կլինի»:








































