ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը հերքել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ-ն իբր թե սիրիական ընդդիմությանը զենք է մատակարարում:
«ԱՄՆ-ը սիրիական ընդդիմությանը ոչ մի ռազմական սպառազինություն չի ուղարկում: Մենք տրամադրում ենք ոչ ռազմական օգնություն, մեծամասաբ՝ կապի սարքավորումներ: Ինչպես նաև մենք հումանիտար օգնության գլխավոր մատակարարն ենք»,- ասել է Նուլանդը:
Նա նաև պնդում է, որ Ռուսաստանը Սիրիային ռազմական ուղղաթիռներ է մատակարարում և վստահելի չի համարում ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի արած հայտարարությունները:
«Մենք տեսել ենք Հոմսում, Համայում, Լաթաքիայում, Իդլիբում բնակչության նկատմամբ կիրառվող զենքը: Մենք տեսել ենք, թե ինչպես են ռուսները հերթական զենքի քանակը մատակարարում Սիրիա: Այնպես, որ մենք շարունակում ենք պնդել, որ ռուսական ուղղաթիռները հիմա ուղևորվում են Սիրիա»,- հայտարարել է Նուլանդը:
Նա Լավրովին առաջարկել է ստուգել սեփական ղեկավարության տվյալները:









































