Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Կարեն Գրիգորյանի որոշմամբ այսօր ձերբակալվել է Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի բնակիչ 29-ամյա Ռոման Հակոբյանը:
Ինչպես News.armeniatv.com-ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ռոման Հակոբյանը աշխատում է «ԴԱՎԻԵԼ ՌԵԼԻ» անշարժ գույքի գործակալությունում որպես տնօրեն: Վերջինս այսօր` հունիսի 13-ին, վարելով «ԲՄՎ» մակնիշի 33 LD 321 համարանիշի ավտոմեքենան, Խանջյան փողոցում դուրս էր եկել երթևեկելի գոտուց և բախվել թիվ 32 էլեկտրասյանը:
Վթարի հետևանքով վարորդին և ուղևորներ՝ Արագածոտնի մարզի Բյուրեղավան գյուղի բնակիչ 18–ամյա Նարինե Գրիգորյանին, նույն գյուղի բնակիչ 21-ամյա Շամիրամ Գրիգորյանին, Նոր-Նորքի 9-րդ զանգվածի բնակիչ Մարիամ Գևորգյանին և անձը չպարզված մի կնոջ մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխել էին Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել էին, որ բոլոր վիրավորները պարողներ էին։ Իսկ ավելի ուշ հիվանդանոցի մոտ Գ. Շամշյանին պատմել էին, որ մահացածը հայտնի պարուսույց, «Մագա-դանս» պարի համույթի ղեկավար Մարգարիտա Գիլարյանն էր։
Գ. Շամշյանը հայտնել է նաև, որ քննիչի որոշմամբ Ռոման Հակոբյանը ենթարկվել է բժշկական հետազոտման: Պարզվել է, որ նա մեքենան վարել է ոչ սթափ վիճակում:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի








































