Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի գծով ԵԽԽՎ-ի մոնիթորինգային կոմիտեի համազեկուցողներ Պեդրո Ագրամունտը (Իսպանիա) և Ջոզեֆ Դեբոնա Գրեխը (Մալթա) չեն ցանկանում փաստել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները և հետապնդում են շահադիտական նպատակներ:
Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը: Վերջինիս խոսքերով՝ համազեկուցողներն Ադրբեջանի կառավարությունից կաշառք են ստացել, ինչի համար էլ չեն ցանկանում տեսնել ստեղծված իրական իրավիճակը:
Յունուսը հավելել է, որ համազեկուցողները փաստացիորեն արհամարհել են մարդու իրավունքների խախտման վերաբերյալ իրենց ներկայացված բոլոր փաստերը և դրանք չեն ներառել իրենց նախնական հաշվետվության մեջ: Յունուսն ընդգծել է, որ այնպիսի տպավորություն է ստեղծվել, թե այդ փաստաթուղթը գրել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմը:
Մասնավորապես, համազեկուցողների հաշվետվությունից դուրս են մնացել Նախիջևանում կտտանքներից Տուրաչ Զեյնալովի մահը, ընդդիմադիր ակտիվիստ Զեյնալ Բագիրզադեի և «Հայալ» հեռուստաալիքի երկու լրագրողների նկատմամբ իրականացված կտտանքները:
Խոսքի ազատության բաժնում չեն ներառվել լրագրողներ Ավազ Զեյնալըի, Անար Բայրամլըի ձերբակալության, Իդրակ Աբասովին ծեծի ենթարկելու և Հաջիջա Իսմայլովային հալածելու փաստերը: Ինչ վերաբերում է բնակչության զանգվածային արտաքսմանը, ապա համազեկուցողներն ամբողջովին վստահեցնում են, թե տեղահանված բնակիչների բացարձակապես մեծ մասը «գոհ է մնացել» դրա դիմաց վճարված փոխհատուցումից:
Յունուսը հավելել է, որ Ադրբեջանի քաղաքացիական հասարակության 20 ակտիվիստների անունից համազեկուցողներից դժգոհ լինելու վերաբերյալ նամակ է հղել ԵԽԽՎ-ին:









































