Կիպրոսի իշխանությունները դիմել են Ռուսաստանին` խնդրելով հատկացնել 5 մլրդ եվրո արժողությամբ վարկ: Այս մասին գրում է The Daily Telegraph-ը` հղում կատարելով կիպրական Alithia թերթին:
Անցած տարի ռուսական կողմը համաձայնել էր Կիպրոսին հատկացնել 2.5 մլրդ եվրոյի հակաճգնաժամային վարկ: Նշվում է, որ վերոնշյալ գումարը կազմում է Կիպրոսի ՀՆԱ-ի 10 տոկոսը:
Միջոցները Կիպրոսին անհրաժեշտ են տեղական բանկերի լրացուցիչ կապիտալիզացիայի համար, որոնց վիճակը վտանգի տակ է հայտնվել եվրոգոտու ճգնաժամի հետևանքով:
Հունիսի 12-ին Moody’s միջազգային վարկանշային գործակալությունը նվազեցրեց Կիպրոսի երկու խոշորագույն բանկերի` Bank of Cyprus-ի ու Hellenic Bank-ի վարկանիշները, իսկ մեծությամբ երրորդ` Cyprus Popular Bank-ին ուղարկեց վերանայման` հնարավոր նվազման համար:
Ինչպես նշում է The Daily Telegraph-ը, կիպրական բանկերի ռիսկերի ընդհանուր ծավալը հունական ներդրումներով, գնահատվում է 23 մլրդ եվրո, ինչը գերազանցում է Կիպրոսի 2011թ. ՀՆԱ-ն (17.3 մլրդ եվրո):
Ընդ որում` միայն Cyprus Popular Bank-ին մինչև հունիսի վերջ անհրաժեշտ կլինի 1.8 մլրդ եվրո` կատարելու կարգավորողների պահանջներն ու աճեցնելու կապիտալը:






































