Սիրիայի հակամարտության ռազմականացումը կարող է «աղետի» հանգեցնել ամբողջ տարածաշրջանում և մասնավորապես Լիբանանում: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր հանձնակատար Քեթրին Էշթոնը՝ դարձյալ աջակցություն հայտնելով Քոֆի Անանի խաղաղ կարգավորման ծրագրին:
ԵՄ ներկայացուցչի խոսքերով՝ Սիրիայում հակամարտությունը հասել է «կրիտիկական պահի»։ Դրությունը վատթարանում է օր օրի, և Սիրիայի վարչակարգի գործողությունները, նրա կարծիքով, «ուժեղացնում են բոլոր կողմերից առավել ծայրահեղական տարրերը»: «Եթե շարունակվի հակամարտության ռազմականացումը, դա աղետ կդառնա ոչ միայն Սիրիայի ժողովրդի, այլև տարածաշրջանի համար առավել խոշոր պլանով, այդ թվում՝ Լիբանանի համար, որտեղ իրադրության զարգացումը լուրջ անհանգստությունների տեղիք է տալիս»,- Էշթոնի խոսքերն է մեջբերում նրա մամուլի ծառայությունը:
ԵՄ դիվանագիտական առաքելության ղեկավարը հերթական անգամ իր աջակցությունն է հայտնել ՄԱԿ-ի և ԱՊԼ հատուկ բանագնաց Քոֆի Անանի ծրագրին: «Չնայած բոլոր դժվարություններին՝ այն այսօր մնում է լավագույն ճանապարհը, որին կարլի է հետևել»,- ասել է նա:
Սիրիայում ավելի քան 1 տարի է՝ շարունակվում են զինված բախումները կառավարության և ընդդիմության միջև, որոնց, ըստ ՄԱԿ-ի տվյալների, զոհ է գնացել ավելի քան 12 հազար մարդ:








































