Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում ձերբակալվել է լրագրողների ազատության ու անվտանգության ինստիտուտի լրագրող Մեհման Հուսեյնովը: Նա կասկածվում է խուլիգանության մեջ:
Երեկ երեկոյան՝ ժամը 18.00-ին, նա կանչվել է Բաքվի ոստիկանական բաժանմունքներից մեկը, և երեք ժամվա հարցաքննությունից հետո հայտարարվել է, որ Հուսեյնովը ձերբակալված է խուլիգանության մեջ կասկածվելու համար:
Հուսեյնովը մասնավորապես մեղադրվում է մայիսի 21-ին Շատրվանների հրապարակում ընդդիմադիր «Հասարակական պալատ» շարժման ակցիայի ժամանակ ՆԳՆ-ի աշխատակցին վիրավորելու և նրա նկատմամբ ուժ գործադրելու մեջ: Սակայն տեղական դիտորդները կարծում են, որ դրանով իշխանությունները ցանկանում են ճնշում գործադրել Ադրբեջանի առաջատար իրավապաշտպան կառույցներից մեկի՝ լրագրողների ազատության ու անվտանգության ինստիտուտի վրա:









































