«Լուսակերտ» թռչնաֆաբրիկան իր սպառողներին առաջարկում է գերթարմ հավկիթներ՝ այսօր կարող եք գնել ու ճաշակել վաղվա արտադրությամբ հավկիթ: Նման մի «ժամանակի մեխանիկայի» հանդիպել է Facebook սոցիալական ցանցի օգտատերերից մեկը, ով այսօր ցանցում տարածել է «Լուսակերտ»-ի հավկիթների լուսանկար, որում մակնշման ամսաթիվը նշված էր «13 06» (այսօր դեռ 12.06-ն է): Ինչպես «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց օգտատերը, «Լուսակերտ»-ի elit տեսակի հավկիթները ձեռք էր բերել Գայի պողոտա 1/1 հասցեում գտնվող «Էրինա» խանութից:
ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության լրատվական ծառայության ղեկավար Բաբկեն Պիպոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այսօրվա ածված ձուն հաջորդ օրն է մտնում իրացման ցանց, և նշվում է այդ օրով: Նրա խոսքերով՝ օրենքը թույլ է տալիս այսօր ընդունել հավկիթներ, որոնք մակնշված են հաջորդ օրվա ամսաթվով, բայց դրանք պետք է վաճառեն վաղը:
«Պետք է պարզել, թե ինչ է տեղի ունեցել: Հնարավոր է նաև մրցակից ընկերության ձեռքի գործ լինի»,- նկատեց Բ. Պիպոյանը:
Նա նաև հայտնեց, որ «Լուսակերտ» անվանումով 2 թռչնաֆաբրիկաներ կան՝ մեկը գործում է Ղարաբաղում, մյուսը՝ Հայաստանում:
Բ. Պիպոյանը խոստացավ տեսուչներ ուղարկել նշված խանութ, ճշտել իրողությունը և վաղն առավոտյան տեղեկացնել:








































