Հունիսի 12-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Էկվադորի նորանշանակ դեսպան Պատրիսիո Ալբերտո Չավես Սավալային (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից:
Շնորհավորելով հյուրին Հայաստանում Էկվադորի առաջին դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը հույս է հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ մեծ ներդրում կունենա երկու երկրների բարեկամական հարաբերությունների ամրապնդման և տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացման գործում:
Դեսպան Սավալայը, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար, նշել է, որ Հայաստանում իր երկրի առաջին դեսպան լինելը պատվաբեր է և միաժամանակ պարտավորեցնող: Նա հավաստիացրել է, որ ջանքեր կգործադրի երկկողմ փոխգործակցությունն զարգացնելու ուղղությամբ:
Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ձևավորմանը, միջազգային կառույցների շրջանակներում համագործակցությանը, առևտրատնտեսական, մշակութային հարաբերությունների խթանմանն առնչվող հարցեր:







































