Կիպրոսի ֆինանսների նախարար Վասոս Սիարլիս Կիպրը հայտարարել է, որ իր երկիրը մոտ ժամանակներս կարող է ֆինանսական օգնության խնդրանքով դիմել Եվրամիությանը:
«Սա շտապ հարց է: Մենք գիտենք, որ ռեկապիտալիզացիան պետք է ավարտին հասցվի հունիսի 30-ին, և մնացել է ընդամենը մի քանի օր»,- ասել է Սիարլիսը տեղի հեռուստաալիքներից մեկի եթերում:
Մինչև ամսվա վերջը Կիպրոսը պետք է այնպես անի, որպեսզի ավելացնի կղզու ամենամեծ բանկի Cyprus Popular Bank-ի կապիտալը: Բանկի կարիքները կարող են կազմել մինչև 1.8 մլրդ եվրո, ինչը կազմում է երկրի ՀՆԱ մոտ 10%-ը:
Ընդ որում, ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, Սիրալիսը չի բացառում, որ օգնությունը կարող է չսահմանափակվել բանկային սեկտորով:
«Դա ընդգրկուն հայց կլինի, որը կապ ունի ոչ միայն ներքին դրության և բանկերի ռեկապիտալիզացիայի, այլև հետագա պահանջների հետ»,- ասել է նախարարը:
Կիպրոսը իր ընթացիկ պահանջները ֆինանսավորում է Ռուսաստանից ստացած 2.5 միլիարդ միջպետական վարկի միջոցով, որը, ի տարբերություն ԵՄ-ի և ԱՄՀ վարկերի, կոշտ տնտեսական միջոցառումների պահանջ չի դնում: Տեղի մամուլը ենթադրում է, որ նման բանակցություններ կղզին վարում է նաև Չինաստանի հետ, սակայն պաշտոնական անձինք դա չեն մեկնաբանում:











































