Այսօր Orange-ը մեկնարկեց հաճախորդների սպասարկման նոր ծառայություն` Առցանց օգնություն, որը թույլ կտա ընկերության ծառայությունների և ապրանքների մասին հարցեր ունենալու կամ դժվարությունների հանդիպելու դեպքում «չաթի» միջոցով անմիջապես ստանալ անհրաժեշտ օգնություն մասնագետից:
Սպասարկման այս հնարավորությունը բաց է բոլորի համար, անկախ Orange-ի բաժանորդ լինելու հանգամանքից: Այն հասանելի է Օրանժ Արմենիայի պաշտոնական կայքի գլխավոր էջից` www.orangearmenia.am: Ծառայությունից օգտվելու համար Orange-ի բաժանորդները պետք է օգտագործեն «Իմ Orange էջը» ինքնասպասարկման ծառայության համար սահմանված գաղտնաբառը, իսկ նրանք, ովքեր ընկերության բաժանորդը չեն, պետք է գրանցվեն համակարգում:
«Այժմ մեծ թվով մարդիկ գերադասում են ծառայությունների մասին տեղեկություններ ստանալ ոչ թե հեռախոսազանգի կամ այցի, այլ ինտերնետի միջոցով: «Առցանց օգնությունը» ևս մեկ միջոց է մեր ընկերության համար` բարձրորակ սպասարկում ապահովելու մեր հաճախորդների համար այն ձևով, որը նրանք են նախընտրում:
Վստահ ենք, սա մասնավորապես հարմար կլինի նրանց համար, ովքեր գտնվում են ռոմինգում, քանի որ այս դեպքում Բաժանորդների սպասարկման կենտրոն կապվելը կլինի անվճար: Այս ծառայությունից կարող են օգտվել նաև ոչ Orange բաժանորդները Orange-ի ծառայությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու համար», ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
Orange-ի բաժանորդները սպասարկում ստանալու համար արդեն իսկ ունեն բազմազան միջոցներ. 555 կամ 055 000 555 հեռախոսահամարները [email protected] էլեկտրոնային հասցեն, Facebook-ում Orange-ի պաշտոնական էջը (www.facebook.com/orangearmenia.ftgroup) և իհարկե Orange-ի 75 խանութները:










































