Անդրադառնալով հունիսի 5-ին աշխատանքից ազատված բնապահպանության պետական տեսչության Տավուշի տարածքային բաժնի պետ Մուշեղ Մուրադյանին` «Առավոտ»-ը գրում է.
«Բնապահպանական տեսչության մեր աղբյուրների համաձայն՝ նա աշխատանքում թերանալու համար վերջին մեկ տարվա մեջ երկու անգամ խիստ նկատողության է արժանացել: Երկրորդ նկատողության կապակցությամբ Քաղծառայության խորհուրդը ծառայողական քննություն է անցկացրել և հավանություն տվել Մ. Մուրադյանին աշխատանքից ազատելու որոշմանը: Մեր տեղեկություններով՝ Մ. Մուրադյանը զրկվել է նաև քաղծառայության դասային աստիճանից:
Մուշեղ Մուրադյանի բջջային հեռախոսին կատարված մեր բազմաթիվ հեռախոսազանգերն անպատասխան էին: Հավելենք, որ Մ. Մուրադյանի օրոք բնապահպանական տեսչությունը չէր համագործակցում Իջևանի «Օրհուս» կենտրոնի, բնապահպանական հ/կ-ների, մարզի լրատվամիջոցների հետ:
Մարզի տարածքում շարունակվում են բնապահպանական խախտումները՝ ապօրինի ծառահատումները, քարի հանույթը, փայտածխի տասնյակ «ցեխեր» զօրուգիշեր Երևանի ռեստորանների համար ածուխ են արտադրում՝ ապականելով մթնոլորտը և շրջակայքը»:






































