Հունական «Ոսկե արևածագ» ուլտրաաջ կուսակցության առաջնորդներից մեկը` Իլիաս Կասիդիարիսը, դատի է տվել երկու կին-քաղաքական գործիչների, որոնցից մեկի վրա նա ջուր էր լցրել, իսկ մյուսին ծեծել էր։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը: Նրանց երկուսին էլ նա մեղադրում է առանց դրդապատճառի իրեն վիրավորելու մեջ: Բացի այդ, Կասիդիարիսը հայց է ներկայացրել «Անտեննա» հեռուստաընկերության դեմ, որին մեղադրում է իրեն ապօրինաբար փակի տակ պահելու մեջ:
Քաղաքական գործչի դատարանին դիմելու պատճառը եղել է անցած շաբաթ քաղաքական թոք-շոուներից մեկում տեղի ունեցած միջադեպը: Բանավեճի ժամանակ ազգայնականին դուր չէր եկել իր քրեական աշխարհի հետ հնարավոր կապերի մասին հիշատակումները, որից հետո նա ջուր էր լցրել «Սիրիզա» ձախ կուսակցության ներկայացուցիչ Ռեն Դորուի վրա: Երբ կումունիստուհի Լիանա Կանելլին փորձել է պաշտպանել Դորուին, Կասիդիարիսը հրել է նրան և մի քանի անգամ ապտակել:
Դրանից հետո նա լքել է ստուդիան, սակայն հեռու չի գնացել: Հեռուստաընկերության աշխատակիցները նրան փակել են օժանդակ շինություններից մեկում՝ սպասելով ոստիկանության ժամանմանը: Սակայն Կասիդիարիսը կոտրել է դուռը և փախել: Դրանից հետո քաղաքական գործչի հանդեպ հետախուզություն էր հայտարարվել, իսկ դատախազությունը ձերբակալման օրդեր էր տվել:
Կասիդիարիսը, սակայն, մինչև հիմա ազատության մեջ է, քանի որ հունական օրենքների խճճվածությունը թույլ է տալիս նրան հետաձգել պատժի կրումը, քանի որ նա հանցագործության օրը չի ձերբակալվել:
Չնայած Կասիդիարիսի հանդեպ հնչած քննադատություններին՝ նրա կուսակցությունը պաշտպանում է իր ակտիվիստին:








































