Հայաստանի համար ՀԱՊԿ երաշխիքները ներկա պահին ավելի շատ հոգեբանական նշանակություն ունեն: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, ԼՂ նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը:
«Հայ հասարակայնությունը չպետք է դրսի աջակցության սպասի, որը կարող է կամ չլինել, կամ ուշանալ: Մենք ամենից առաջ մեր հույսը պետք է դնենք սեփական Զինված ուժերի վրա և ամեն գնով ամրացնենք հայկական բանակը»,- ասաց նա:
Մասիս Մայիլյանը չի կարծում, որ ադրբեջանական կողմից սանձազերծված դիվերսիոն գործողությունները բավարար հիմք են ռուսական ուժի կիրառման համար:
«Հայաստանի ՊՆ-ն ի վիճակի է ոչ միայն կանխել նմանօրինակ սադրանքները, այլև լուծել ռազմական անվտանգությանը վերաբերող ավելի բարդ հարցեր: Եթե Ադրբեջանը Հայաստանի և ԼՂՀ-ի դեմ լայնածավալ պատերազմ սկսի, համապատասխան պայմանագրի կետերի համաձայն, Ռուսաստանը պարտավոր կլինի մասնակցել Հայաստանի սահմանների անվտանգության ապահովմանը: Այդ դեպքում Հայաստանի ԶՈւ որոշ մասը կկենտրոնանա Արցախի ուղղությամբ»,- ամփոփեց քաղաքագետը: