Հայաստանի իշխանական վերնախավում նախորդ տարվա վերջից սկսած կադրային փոփոխությունները կանգ են առել: Համենայն դեպս, բավական երկար ընդմիջում է. արդեն ավելի քան մեկ ամիս է, ինչ որևէ նախարար կամ բարձր գերատեսչության որևէ ղեկավար չի փոխվել: Իսկ մեկ ամիսը պետք է որ բավական երկար ժամանակ լինի Սերժ Սարգսյանի համար, քանի որ վերջերս Эхо Москвы ռադիոկայանի հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե ինչքա՞ն ժամանակ է, որ չի եղել Մոսկվայում, ասել էր, թե ահագին ժամանակ չի եղել Մոսկվայում` մոտ 25 օր: Դե, եթե 25 օրը նրա համար ահագին ժամանակ է, թեկուզ Մոսկվա չգնալու իմաստով, ապա ավելի քան մեկուկես ամիսը, ըստ էության, հսկայական ժամանակ է:
Մինչդեռ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանում կադրային փոփոխությունների առումով Սերժ Սարգսյանի համար հսկայական գործ կա անելու, առավել ևս, եթե նա նախորդ տարեվերջին ՀՀԿ 20-ամյակի հանդիսությանը հայտարարել է կոռուպցիայի և կաշառակերության դեմ հետևողական և սկզբունքային պայքարի հաստատակամության մասին:
Ո՞ւր է այդ պայքարը, ո՞ւր են այդ պայքարի առաջին «զոհերը»՝ եթե ոչ դատական պատասխանատվության առաջ կանգնածների, ապա գոնե պաշտոնանկ եղածների տեսքով: Բայց, ըստ երևույթին, այս դադարը վկայում է, որ Սերժ Սարգսյանն ի զորու չէ կադրային փոփոխությունների ալիքը երկար ժամանակ պահել: Այդ փոփոխությունները նրան շատ ծանր են տրվում: Կասկած չկա, որ կան բազմաթիվ կադրեր, որոնցից Սերժ Սարգսյանը հաճույքով կազատվեր հենց հաջորդ իսկ վայրկյանին, իհարկե, ոչ այն պատճառով, որ նրանք կոռուպցիոներ կամ կաշառակեր են, այլ որովհետև նրանք իրենը, իր կադրերը, իր հավատարիմ յուրայինները չեն, այլ ժառանգություն են Քոչարյանից:
Բայց Սերժ Սարգսյանը չի կարողանում այդ կադրերից արագ և իր ուզած թափով ազատվել, ինչը վկայում է, որ նա լիարժեքորեն չի տիրապետում իշխանությանն ու իրավիճակին: Մյուս կողմից, անհամբեր են նաև Սերժ Սարգսյանի շրջապատում: Անհամբեր են նրանք, ովքեր դեռ չեն տեղավորվել համակարգի իրենց ուզած կամ իրենց խոստացված տեղերում և անհամբեր սպասում են, արդեն երեք տարի, որ Սերժ Սարգսյանը մաքրի քոչարյանական կադրերին ու իրենց խոստացված կամ ուզած տեղն ապահովի:
Եվ, ըստ երևույթին, Սերժ Սարգսյանը նրանց համար դա անելուն այլընտրանք երևի թե չունի, քանի որ եթե մինչև գալիք ընտրական փուլը դա չանի, ապա այդ մարդիկ, ամենայն հավանականությամբ, հիշյալ փուլում Սերժ Սարգսյանի համար չեն աշխատի, կամ կաշխատեն, բայց ոչ «նախկին էնտուզիազմով»:









































