Երեկ երեկոյան Ավան թաղամասի Խուդյակով փողոցում՝ «Սթար» սուպերմարկետի մոտ հայտնաբերված երիտասարդ տղան, ամենայն հավանականությամբ, սպանվել է 100-դրամանոց ուղևոր «փախցնելու» պատճառով:
Ըստ «Առաջին լրատվական»-ի տեղեկությունների` ոստիկանությունն արդեն բացահայտել է սպանության հանգամանքները. երթուղայինի վարորդ Վրեժ Աշխատյանի մահը վրա է հասել ծեծկռտուքի պատճառով, իսկ ծեծողը եղել է մեկ այլ երթուղայինի վարորդ` Նարեկացի 40 շենքի բնակիչ 36-ամյա Արսեն Հակոբյանը: Ոստիկանության Ավանի բաժանմունք մեղայականով ներկայացած տղամարդը պատմել է, որ իր և սպանվածի՝ 24-ամյա Վրեժ Աշխատյանի միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ բռունցքի մեկ հարված է հասցրել տղայի գլխին, ինչից հետո վերջինս ուշագնաց է եղել և գիտակցության չգալով՝ հենց վիճաբանության վայրում մահացել: Իսկ պատճառը, ըստ երևույթին, եղել է միմյանցից «ուղևոր փախցնելու» հանգամանքը:
Ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի (սպանություն) հատկանիշներով:
Ոստիկանության լրատվական ծառայությունից Արմեն Մալխասյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում առայժմ պաշտոնապես չհաստատեց վերը նշված տեղեկությունները, քանի որ քննչական խումբն առայժմ չի վերադարձել: Դեպքի մանրամասները ոստիկանությունը կհրապարակի ավելի ուշ:
Նշենք, որ ինչպես ավելի վաղ հայտնել էին Ոստիկանության լրատվական ծառայությունից` հունիսի 6-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս ոմն Լիլիթից ահազանգ է ստացվել այն մասին, որ Ավանի «Սթար» սուպերմարկետի մոտ ծեծել են մի քաղաքացու, որի վիճակը ծանր է, և փորձում են փրկել կյանքը:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է 1988 թ. ծնված Վրեժ Աշխատյանի դիակը` աջ քունքային, ձախ այտային, շրթունքների և աջ բազկի մասերում արյունազեղումներով, աջ և ձախ ուսահոդերի շրջաններում՝ քերծվածքներով: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն: