Հարի Փոթերի մասին ֆիլմեր շարքը, որի վերջին սերիան էկրան դուրս կգա ամռանը, այս տարի կստանա Բրիտանական կինոյի և հեռուստատեսության ակադեմիայի հատուկ մրցանակը` կինոմատոգրաֆիայի մեջ ունեցած բրիտանական ներդրման համար:
Ֆիլմի ողջ անձնակազմի անունից մրցանակը կստանա Փոթերի մասին գրքերի հեղինակ Ջուան Ռոուլինգը:
Հարի Փոթերի մասին առաջին ֆիլմը` «Հարի Փոթերն ու փիլիսոփայական քարը» էկրան է բարձրացել 2001թ.-ին, այդ ժամանակից ի վեր երիտասարդ կախարդի մասին ֆիլմերը 28 անգամ առաջադրվել են Բրիտանական կինոյի մրցանակաբաշխությանը, և 7 անգամ ` Օսկարի:
Մրցանակաբաշխության կազմակերպիչները շեշտում են, որ ֆիլմը ոչ միայն մշակութային ֆենոմեն է դարձել, այլև մեծ տնտեսական նշանակություն է ունեցել:
Ֆիլմի առաջին 6 սերիաները ամբողջ աշխարհում 5,4 միլիարդ դոլար են հավաքել` դարձնելով «Հարի Փոթերը» ամենահաջողված ֆիլմը կինոյի ողջ պատմության մեջ: Ֆիլմի եզրափակիչ մասի` «Հարի Փոթերը և մահվան շնորհները. մաս 2» սերիայի պրեմիեռան նշանակված է 2011թ. հուլիսի 15-ին:
«Քանի որ այս շատ հաջողված բրիտանական կինոպատմությունը մոտենում է ավարտին, բրիտանական կինոյի և հեռուսատատեսության ակադեմիան չէր կարող չգնահատել ֆիլմի ներդրումը բրիտանական կինոմատոգրաֆիայի մեջ», – ասել է կինոյի հանձնաժողովի նախագահ ռեժիսյոր Ֆինոլա Դվայերը:
Ֆիլմի գլխավոր դերակատար Դենիել Ռեդկլիֆը ասել է, որ մրցանակը համարում է ֆիլմի ստեղծագործական անձնակազմի աշխատանքի գնահատումը: Փոթերի ընկերներներին մարմնավորած դերասաններ Էմմա Ուոտսոնը և Ռուպերտ Գրինտը նույնպես նշել են, որ հպարտ են ֆիլմի ստեղծմանը մասնակցություն ունենալու համար:








































