«Ժողովուրդ»-ը գրում է, որ երբ ՀՀ ԱԱԾ-ն կաշառք ստանալու պահին ձերբակալեց ՃՈ Երևանի հաշվառման և քննական բաժնի պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արսեն Կյուրեղյանին, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հրապարակավ խոստացավ պատժել համակարգի աշխատակիցներին:
«ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ երեկ Գասպարյանի հրամանով ՀՀ ճանապարհային ոստիկանապետ Արմեն Գալստյանը և ՃՈ Երևանի հաշվառման և քննական բաժնի պետ Արմեն Դավթյանը նկատողություն են ստացել: Իսկ ՃՈ Երևանի հաշվառման և քննական բաժնի վարորդական վկայականի հատկացման բաժնի պետ Վահագն Իսահակյանը ազատվել է աշխատանքից:
«Լուրը ճշտելու համար դիմեցինք ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանին, որն ասաց. «Մենք հայտարարել էինք, որ մի շարք աշխատակիցներ տույժերի են ենթարկվել, իսկ մի քանիսն ազատվել են աշխատանքից»: Ահարոնյանը հրաժարվեց այլ մանրամասներ հաղորդել»,- հավելում է թերթը: