Չինաստանի կառավարությունը հանձնարարել է երկրի ֆինանսական կարգավորողներին, ներառյալ` ԿԲ-ին, մշակել պլան` հաղթահարելու եվրոգոտուց Հունաստանի դուրս գալու հետևանքները: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով ՉԺՀ-ի ղեկավարությանը:
Պլանը ներառում է յուանի կայունացման միջոցառումներ, ինչպես նաև արտասահմանյան կապիտալի հոսքերի նկատմամբ վերահսկողության մեծացում:
Աղբյուրները հայտնում են, որ պլանը հանձնարարվել է մշակել «շատ շտապ»: Յուրաքանչյուր դեպարտամենտ, որքան հնարավոր է արագ, պետք է ներկայացնի իր պատկերացումներն ու եզրակացությունները:
Երկրի վարչապետ Վեն Ցզյաբաոն հայտնել է տնտեսության վրա ճնշման աճի մեծացման մասին: Ըստ նրա` արդեն որոշ միջոցառումներ այդ ոլորտում կատարվել են:
Չինաստանում տնտեսական աճը 2012 թ. առաջին եռամսյակում շարունակում է նվազել: ՀՆԱ-ի ավելացումն, ամենայն հավանականությամբ, կդառնա նվազագույնը վերջին 13 տարում:
Եվրամիությունը Չինաստանի առևտրային խոշոր գործընկերն է: