Մայիսի 31-ին հայ-ադրբեջանական սահմանագոտում` Հայաստանի Տավուշի մարզի Այգեպար բնակավայրի մերձակայքում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվել է հայ-ադրբեջանական սահմանագծի հերթական դիտարկումը:
Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ հայկական կողմից դիտարկմանը մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը, դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը և Իրժե Աբերլեն:
«Մինչ դիտարկումը ԵԱՀԿ պաշտոնյաներին ներկայացվել է հայ-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը, ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վիճակագրությունը, շփման գծում դիպուկահարների գործողություններին վերաբերող հարցեր: Դիտարկման ընթացքում կողմերը ռադիոկապ են հաստատել միմյանց հետ և տվել անվտանգության երաշխիքներ: Դիտարկումն անցել է առանց միջադեպերի», – ասված է ՊՆ-ի տարածած հաղորդագրությունում: