ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել ԱՀԿ պետական գնումների համաձայնագրին ՀՀ անդամակցությանը նվիրված աշխատաժողով, որին մասնակցելու նպատակով Հայաստան էին ժամանել ԱՀԿ Պետական գնումների կոմիտեի նախագահ Նիկոլաս Նիգգլին և ԱՀԿ Պետական գնումների կոմիտեի քարտուղար Ռոբերտ Անդերսոնը: Այս մասին ասվում է Էկոնոմիկայի նախարարության այսօր տարածած հաղորդագրությունում:
Աշխատաժողովին բացման խոսքով հանդես են եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը և ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:
Մասնակիցների թվում են եղել նաև ՀՀ նախարարությունների աշխատակազմի ղեկավարներ և այլ պաշտոնատար անձինք, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Միջոցառմանը ներկայացվել է ԱՀԿ Պետական գնումների մասին համաձայնագրին ՀՀ անդամակցության գործընթացը, որտեղ հատկապես կարևորվել է վերջինիս ազդեցությունը երկրի վարկանիշի բարձրացման գործում: ԱՀԿ ներկայացուցիչների կողմից նշվել է, որ Համաձայնագրին ՀՀ անդամակցության գործընթացը գնահատվել է որպես ժամանակային առումով աննախադեպ և մոդելային է համարվում մնացած անդամակցող երկրների համար:








































