Ֆրանսիայի հարավ-արևմուտքում մայիսի 27-ին կալանավորվել են բասկյան ETA անջատողական խմբավորման երկու բարձրաստիճան անդամներ: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը` հղում կատարելով Իսպանիայի ԱԳՆ-ի հայտարարությանը:
Օրոից Գուրուչագա Գոգորսան ու նրա տեղակալը` Շաբիեր Արամբուրուն կալանավորվել էին ֆրանսիացի ու իսպանացի ոստիկանների համատեղ գործողության արդյունքում:
Անջատողականները տեղաշարժվել էին գողացած ավտոմեքենայով ու եղել են զինված: Իսպանիայի իշխանությունները ենթադրում են, որ վերջիններս երկրի տարածքում զբաղվել են ETA-ի համար մարդկանց հավաքագրումով:
Օրոից Գուրուչագան ETA-ին միացել է 2008թ. ու կարճ ժամանակում դարձել է կազմակերպության ղեկավարներից:
Իսպանիայի իշխանությունները վերջիններիս համարում են Բուրգոսայում ու Մալյորկայում 2009թ. հուլիսին տեղի ունեցած ահաբեկչության մասնակիցներ: Բուրգոսայում ահաբեկչության հետևանքով վիրավորվել էր 64 մարդ, երկրորդում` սպանվել էր 2 ոստիկան:
ETA-ն օգոստոսին իր վրա պատասխանատվություն էր վերցրել կատարված ահաբեկչության համար` դրանք անվանելով բասկյան ազգայնականների դեմ կիրառվող բռնություններին ի պատասխան: