ԵԱՀԿ Մինսկի խումբը, որպես ԼՂ հակամարտության կարգավորման ասպարեզ, հարմար է բոլորի, այդ թվում՝ Ռուսաստանի և Արևմուտքի երկրների համար: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Իգոր Մուրադյանը՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ ՀԱՊԿ առաջնորդների ստորագրած, միջազգային անվտանգության առանցքային խնդիրներին վերաբերող վերջին հռչակագրում խոսք չկա ղարաբաղյան հակամարտության մասին:
«Եթե մասնակցում ես ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին, ապա այլևս պետք չէ մասնակցել որևէ այլ ձևաչափի: Իդեպ, Ադրբեջանն առավել շահագրգռված է խնդիրը միջազգայնացնել, քանի որ հույս ունի այս կերպ բարեհաջող ելքի հասնել: Մինսկի խումբը ծուղակ է: Նա, մի կողմից, թույլ չի տալիս, որ բանակցային գործընթացին խառնվեն խնդրին որևէ առնչություն չունեցող կողմեր, մյուս կողմից՝ թույլ չի տալիս, որ որևէ պետություն ճանաչի ԼՂՀ–ն կամ հարաբերություններ ունենա նրա հետ:
Միաժամանակ, ԼՂՀ ճանաչումն ու նրա հարաբերություններն արտաքին աշխարհի հետ չեն բխում Ռուսաստանի և մյուս երկրների շահերից»,-ասաց նա:
Քաղաքագետի խոսքով՝ ղարաբաղյան հակամարտության հարցը չէր էլ կարող լինել ՀԱՊԿ առաջնորդների ստորագրած հռչակագրում: «Որովհետև Ռուսաստանը ՄԽ միջնորդ պետություն է և կատարում է իր պարտականությունները: ԼՂ հարցն այլ հարթակներում քննարկվել չի կարող: Ավելի ճիշտ է զբաղվել Լեռնային Ղարաբաղի՝ այլ պետությունների հետ կապերի զարգացման հարցերով»,- նշեց Իգոր Մուրադյանը: