Ինչպես փոխանցում է France Presse գործակալությունը, այսօր Իրանում կախաղան է հանվել Նիդեռլանդների քաղաքացի կին, որը նաև իրանական անձնագիր է ունեցել:
Նրան իրանական իշխանությունները մեղադրում էին թմրանյութեր պահելու և տարածելու մեջ: Նա ձերբակալվել էր 2009թ.: Նրա մոտից առգրավվել էր մեկ կիլոգրամ թմրանյութ:
«Առաջին լրատվական»-ը հունվարի 21-ին տեղեկացրել էր, որ Հոլանդիայի քաղաքացի Զահրա (Սառա) Բահրամին, որը ձերբակալվել էր Իրանի նախագահական վերջին ընտրություններից հետո՝ Աշուրա օրվա ընթացքում բողոքի ցույցերի ժամանակ, իրանական դատարանի կողմից մահապատժի էր դատապարտվել:
Դատարանի հայտարարության մեջ նշվում է, որ Բահրամին մեղադրվում է 400 գրամ ափիոն և 400 գրամ հերոին պահելու համար, և որովհետև, համաձայն իրանական օրենքի` 30 գրամ հերոին ունեցող անհատը մահապատժի է դատապարտվում, Իրանի դատարանն էլ նման վճիռ է կայացրել հոլանդացի Զահրա Բահրամիի համար:
Բահրամիի փաստաբանի փոխանցմամբ, նա հերքել է թմրանյութ պահելու և օգտագործելու մեղադրանքները:
Հոլանդական դիվանագետներին այդպես էլ չթույլատրվեց հանդիպել իրենց քաղաքացու հետ, թեպետ նրանք մեծ ջանքեր գործադրեցին այդ ուղղությամբ:










































