Դավոսում շարունակվող համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Ուկրաինայի և Ադրբեջանի կառավարությունները հուշագիր են ստորագրել, ըստ որի Ուկրաինան Ադրբեջանից խտացված գազ է գնելու:
Այդ նպատակով Ուկրաինայում հատուկ պահեստարան է կառուցվելու, ինչից հետո հնարավոր կլինի խոսել գազի առաքման ծավալների մասին: Հուշագրի մեկ այլ կետի համաձայն` երկրները զարգացնելու են Ուկրաինայի տարածքում նավթի առաքման ոլորտում համագործակցությունը:
Նախատեսվում է, որ մոտ ապագայում Ուկրաինայի տարածքով նավթի առաքման ծավալները կհասնեն տարեկան մինչև 12 միլիոն տոննայի: Դավոսում նաև հայտնի է դարձել, որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը այցելելու է Բաքու: