Օդեսայի մարզի Կոտովսկ քաղաքում Մոլդովայի քաղաքացին՝ Մարիանը, ավելի քան մեկ օր անցկացրել է վերամբարձ կռունկի վրա՝ պահանջելով իր մոտ ուղարկել տեղի հեռուստաալիքի նկարահանող խմբին և ԵԱՀԿ-ի ներկայացուցիչներին: Վերջիններիս հետ նա ցանկացել է խոսել եվրոպական երկրներից մեկում քաղաքական ապաստան գտնելու հարցի շուրջ: Նա շարունակ սպառնում էր ցած նետվել 40 մետր բարձրությունից:
Դեպքը տեղի է ունեցել այնտեղ, որտեղ կառուցվում է մարզի ամենամեծ տաճարը: Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների, ոստիկանների և հոգեբանների հետ բանակցությունների արդյունքում 25 ժամ անց նա որոշել է ցած իջնել:
Նրան տեղափոխել են կլինիկական հիվանդանոց, որտեղից նա օրեր առաջ փախել էր: Տղամարդուն այնտեղ էին տեղափոխել կամրջից ցած նետվելու փորձ կատարելու համար:
Քաղխորհրդի անդամներն ու արտակարգ իրավիճակների վարչությունը խոստացել են կերակրել և աջակցել նրան: