Նախագահ Բաշար Ասադի գլխավորությամբ Սիրիայի իշխանության վրա հետագա ճնշում գործադրելու անհրաժեշտությունն ԱՄՆ վարչակազմը քննարկել է ՄԱԿ դիտորդների ավտոշարասյան վրա հարձակում իրականացնելու կապակցությամբ, որը տեղի է ունեցել այսօր Դամասկոսից հարավ՝ Դերաա քաղաքին մոտենալիս։ Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Ճեպազրույցի ժամանակ, մեկնաբանելով միջադեպը, որի արդյունքում զոհվել են 8 սիրիացի զինծառայողներ, ԱՄՆ Պետդեպարտամենտի մամլո ծառայության ղեկավար Վիկտորյա Նուլանդը հաստատել է, որ տեղի ունեցածը «բնականաբար, ևս մեկ անգամ վկայում է, թե ինչու մենք պետք է շարունակենք ճնշում գործադրել Ասադի վարչակարգի վրա»: Նուլանդը տեղի ունեցածը բնութագրել է որպես «վառ օրինակ այն բանի, թե ինչից է ամեն օր տառապում սիրիական ժողովուրդը»: Բացի այդ, այսօրվա դեպքը, որի պատասխանատվությունն իրենց վրա վերցրել են Դերաայի, այսպես կոչված, «հեղափոխական հանձնաժողովները», ըստ նրա, վկայում է, որ Սիրիայում հրադադարի ռեժիմը չի պահպանվում, որ իրապես պետք է շարունակել ճնշում գործադրել Ասադի վարչակարգի վրա:
Միաժամանակ նա հաստատել է, որ Վաշինգտոնը շարունակում է պահանջել սիրիական իշխանություններից, որ նրանք ՄԱԿ դիտորդների համար ստեղծեն աշխատանքային համապատասխան պայմաններ, ապահովեն նրանց անվտանգությունը: