ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկարաձգել է 2004 թվականին Սիրիայի հանդեպ սահմանված պատժամիջոցները։ Այս մասին հաղորդում է РИА Новости–ն:
«Սիրիական վարչակարգի քաղաքականությունը և գործունեությունը, այդ թվում՝ նաև Լիբանանի կառավարության արդյունավետ գործունեությանը խանգարելու փորձերը, քիմիական և կեսաբանական զենք ստանալու ձգտումը, ահաբեկչական կազմակերպություններին օժանդակելը շարունակում են ԱՄՆ ազգային անվտանգության, արտաքին քաղաքականության և տնտեսության համար չափազանց վտանգավոր լինել»,- ասվում է պատժամիջոցները երկարաձգելու մասին Օբամայի կարգադրության տեքստում:
Օբաման ասել է, որ սիրիական իշխանությունների պահվածքից ելնելով՝ ԱՄՆ–ն ապագայում կվերանայի պատժամիջոցների երկարացման կամ չերկարացման հարցը։
Նախագահ Բուշի կառավարման ժամանակ ամերիկա-սիրիական հարաբերությունները գրեթե սառել էին: Վաշինգտոնը Դամասկոսին մեղադրում էր Իրանի հետ սերտ հարաբերություններ ունենալու, պաղեստինյան «Համաս» և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումներին սատարելու մեջ: