Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Պատրիկ Մերֆին The Business Year ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է, որ հնարավոր է համարում այս տարի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում կոնկրետ արդյունքների գրանցումը.
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում զգալի առաջընթացի գրանցումը հնարավոր է միայն հակամարտող կողմերի քաղաքական կամքի առկայության և միջազգային հանրության կողմից ջանքեր գործադրելու պայմաններում:
Ես՝ որպես Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցիչ, ձգտելու եմ նպաստել բոլոր կողմերի ներգրավմանը՝ հանուն տարածաշրջանում առկա հակամարտությունների կարգավորման: Ես հենվելու եմ Իռլանդիայի փորձի վրա՝ թեև հայտնի է որ գոյություն չունի երկու միանման հակամարտություն:
Միակ կառույցը, որը կոչված է աջակցել Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ԵԱՀԿ Մինսկի խումբն է, որում, բացի համանախագահներ Ռուսաստանից, Ֆրանսիայից ու ԱՄՆ-ից, ներառված են նաև Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Ֆինլանդիան, Թուրքիան, Լիտվան, Իռլանդիան, Ուկրաինան, ինչպես նաև Հայաստանն ու Ադրբեջանը:
Մենք աջակցում ենք հակամարտության կարգավորման «հիմնարար սկզբունքների» ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործադրած ջանքերին, որոնք սկիզբ կդնեն խաղաղության պաշտոնական համաձայնագրի մշակմանը: Մենք պետք է ձգտենք թույլ չտալ այդ տարածաշրջանում լարվածության հետագա էսկալացիան:
Շփման գծում մահացու ավարտով բազում բախումները լուրջ մտահոգություն են առաջացնում և պահանջում են անհետաձգելի միջոցներ կիրառել հրադարարի ռեժիմի գործուն ամրագրման ուղղությամբ, ինչպես ավելի վաղ խոստացել էին կողմերը: Շփման գծից դիպուկահարների հետքաշումը և սպառնալիքներից ու ուժի գործադրումից հրաժարվելը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի հետագա դիտարկումները կնպաստեն հակամարտող կողմերի միջև վստահության աճին և կապահովեն կայունություն ու անվտանգություն:
Տվյալ ուղղությամբ կարևոր քայլերից մեկը 2011 թվականին Սոչիում նախագահներ Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիևի ու Դմիտրի Մեդվեդևի կողմից արված համատեղ հայտարարության իրագործումն է: Խոսքը շփման գծի երկանյքով գրանցվող միջադեպերի հետաքննման մեխանիզմի մշակման մասին է»:








































