ԱՄՆ-ում հեռուստատեսության հարցերով ծնողների խորհուրդը նամակ է հղել NBC հեռուստաալիքի 91 գովազդատուներին՝ կոչ անելով գովազդ չտրամադրել America’s Got Talent շոուին: Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը: Շոուն բոյկոտելու պատճառը հաղորդման ժյուրիի նոր անդամ Հովարդ Ստերնն է:
Խորհուրդը կարծում է, որ Ստերնի ներկայությունը հաղորդումը դարձնում է վուլգար՝ ոչ պատշաճ հումորի պատճառով: Այդ իսկ պատճառով գովազդատուներին կոչ է արվել իրենց բրենդերը չկապել America’s Got Talent-ի հետ:
Հովարդ Ստերնը ամերիկյան հեռուստառադիոհաղորդավար է, որը հայտնի է իր ոչ կոռեկտ կատակներով: Շոուի նոր սեզոնում նրա մասնակցության մասին հայտնի է դարձել 2011-ի դեկտեմբերին: America’s Got Talent-ի 7-րդ սեզոնը սկսվում է մայիսի 14-ին:
America’s Got Talent-ը հայտնի ամերիկյան շոու է, որի մասնակիցները ոչ պրոֆեսիոնալ երգիչներ են, դերասաններ ու աճպարարներ, որոնց ելույթները գնահատում է ժյուրին: Շոուի հաղթողը ստանում է 1 միլիոն դոլար: Ժյուրիի անդամներ Հաուի Մանդելը և Շերոն Օսբորնը դրական են արտահայտվել իրենց նոր գործընկերոջ մասին:









































