ՖԱԹՀ շարժման ղեկավարության պատվիրակությունը` Նաբիլ Շաատի գլխավորությամբ, մոտ օրերս այցելելու է Գազայի հատված, որը գտնվում է ՀԱՄԱՍ-ի վերահսկողության տակ: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ Թահիր Ան-Նունուն:
Օրերս Պաղեստինի ազգային վարչակազմի և ՖԱԹՀ-ի ղեկավար Մահմուդ Աբբասը Շաատին նշանակել է Գազայի հատվածի գործերով հանձնակատար:
«Գազայի վարչապետ Իսմայիլ Հանիյան հեռախոսազրույց է ունեցել Նաբիլ Շաատի` ՖԱԹՀ շարժման կենտրոնական հանձնաժողովի անդամի հետ, ով խնդրել է թույլ տալ շարժման ղեկավարության պատվիրակությանը այցելել Գազայի հատված»,- ասել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը` նշելով, որ վարչապետը ողջունել է այդ գաղափարը:
Հիեշեցնենք, որ ՖԱԹՀ-ը և ՀԱՄԱՍ-ը 2011.թ. մայիսի 4-ին Կահիրեում ստորագրել են հաշտության համաձայնագիր: Խմբավորումները համաձայնել են ինքնավարությունում անցկացնել համընդհանուր ընտրություններ, ստեղծել միասնական կառավարություն՝ անկուսակցական թեկնածուներից, վերակազմավորել Պաղեստինի ազատագրական կազմակերպությունը, ՀԱՄԱՍ-ի և Պաղեստինի ազգային վարչակազմի բանտերից ազատ արձակել քաղբանտարկյալներին:
Պաղեստինի ազգային վարչակազմի և ՖԱԹՀ-ի ղեկավար Մահմուդ Աբբասը, ՀԱՄՍՍ-ի ղեկավար Խալեդ Մաշաալը փետրվարի 6-ին Դոհայում պայմանավորվել են մինչ Պաղեստինի ինքնավարությունում ընտրություններ անցկացնելը անցումային կառավարություն ստեղծելու մասին, որը պետք է ղեկավարի Աբբասը: Հաշտության գործընթացը դադարեցվել է Պաղեստինի ազգային վարչակազմի կաբինետի կազմավորման շուրջ հակասությունների և քաղբանտարկյալների ազատ արձակման հարցերի պատճառով:










































