Իոսիֆ Ստալինի ավագ որդին` Յակով Ջուգաշվիլին սպանվել է 1943թ., քանի որ հրաժարվել է ենթարկվել Զակսենխաուզեն համակենտրոնացման ճամբարի ժամապահի հրամանին:
Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti գործակալությունը, խոսվում է գաղտնազերծված փաստաթղթերում:
«Գերմանացիների հետ ավագ լեյտենանտ Յակով Ջուգաշվիլիից հարցաքննության արձանագրությունից հետևում է, որ նա 1941թ. հուլիսի 16-ին Լյասնովոյի շրջանում գերի է ընկել` լինելով 14-րդ հաուբիցային դիվիզիայի հրամանատար»,- լրագրողներին պատմել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Միխայիլ Զուևը:
Զուևի խոսքով` փաստաթղթերում ասվում է, որ 1942թ. ապրիլից հունիսն ընկած ժամանակահատվածում Ջուգաշվիլին պահվել է Գոմելսբուր քաղաքի մոտ գտնվող ճամբարում:
Համաձայն ԽՍՀՄ ներքին գործերի փոխնախարար Իվան Սերովի 1946թ. սեպտեմբերի 14-ի հաշվետվության` հետաքննությունը ցույց է տվել, որ 1943թ. մարտին Ջուգաշվիլին ընկել է Զակսենհաուզենի համակենտրոնացման ճամբարի հատուկ «Ա» ճամբար, որտեղ նա իրեն պահել է անկախ ու ներամփոփ` կասկածներ հարուցելով ադմինիստրացիայի մոտ:
1943թ. վերջին նա զբոսանքի է դուրս եկել: Ժամապահը պահանջել է, որ նա հետ վերադառնա բարաք, սակայն նա գնացել է փշալարապատ ցանկապատի ուղղությամբ:
Ժամապահի բղավոցից հետո Յակովը սկսել է իրեն վիրավորական արտահայտություններ թույլ տալ ու գոռացել է ժամապահի վրա. «Կրակի՛ր», վերջինս էլ կրակել է նրա գլխին ու սպանել»,- ասել է Զուևը:
Մինչ օրս գոյություն ուներ նրա մահվան երկու վարկած: վարկածներից մեկի համաձայն` Յակովը մահացել է գերության մեջ, մյուսի համաձայն` պատերազմում:
Աղբյուրների համաձայն` Յակովը ծնվել է 1907թ.: Նա ռազմաճակատ էր մեկնել 1941թ. հունիսի 24-ին:









































