Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստն այսօր Թեհրանում լրագրողների հետ ունեցած զրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ի ղեկավարությունը պետք է ուշադրություն դարձնի իր քաղաքացիների խնդիրներին և ժամանակ չվատնի այլ երկրների հետ բանակցությունների վրա, որպեսզի նրանց համոզի միանալ Իրանի դեմ սահմանված պատժամիջոցներին.
«Նախորդ շաբաթ ասիական երկրներ կատարած այցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը փորձել է համոզել Չինաստանի և Հնդկաստանի ղեկավարությանը՝ նվազեցնել իրանական նավթի ներկրումը:
Եթե ԱՄՆ քաղաքացիներն իմանային, թե Սպիտակ տան քաղաքականությունն ինչպիսի վնաս է հասցնում ԱՄՆ-ի շահերին, ապա դա կազդեր առաջիկայում այդ երկրում կայանալիք նախագահական ընտրությունների արդյունքների վրա: ԱՄՆ պաշտոնատար անձինք պետք է դասեր քաղեն Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի ճակատագրից»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ են տեղի ունենալու նոյեմբերին:








































