Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է ռազմավարական նշանակության 11 հրամանագիր, որոնք սահմանում են երկրի զարգացման ու իշխանական կառույցների գործունեության առանցքային ուղղությունները:
Այդ փաստաթղթերից մեկը «Արտաքին քաղաքական կուրսի իրագործման միջոցառումների մասին» հրամանագիրն է, որում սահմանված են երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները:
Փաստաթղթում խոսք է գնում ՄԱԿ-ի կենտրոնական դերի, BRICS-ի, G-20-ի, G-8-ի և ՇՀԿ-ի շրջանակներում համագործակցության ակտիվացման մասին: Առանցքային է համարվում ԱՊՀ-ի տիրույթում համագործակցության ուղղվածությունը:
Փաստաթղթում կարևոր է համարվում Մերձդնեստրյան ու Ղարաբաղյան հակամարտությունների կարգավորման ուղիների որոնումը, Հարավային Օսիայի ու Աբխազիայի կայացմանն աջակցելը:
Ըստ Պուտինի՝ Մերձդնեստրի հատուկ կարգավիճակի հստակեցման ժամանակ պետք է առաջնորդվել Մոլդովայի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ու չեզոքության սկզբունքների վրա:
Իսկ Ղարաբաղի մասով նշված է, որ Ռուսաստանը պետք է շարունակի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ փոխգործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրների հետ՝ հենվելով 2009-2011 թվականներին Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարություններում շարադրված սկզբունքների վրա:








































