Հետաքրքրական է, որ ՌԴ նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի՝ արտաքին քաղաքականության դոկտրինի մասին ստորագրած հրամանագրում ոչ մի խոսք չկա ԼՂ հակամարտության, Հայաստանի ու Ադրբեջանի մասին, փոխարենը շոշափվում են Հարավային Օսեթիայի, Աբխազիայի և Մերձդնեստրի հարցերը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը:
Նրա խոսքով` մենք ընդհանրապես կարծես գոյություն չունենք. «Արդյունքում մենք ունենում ենք մեզ վերաբերող խնդիրների վերաբերյալ մի կողմ քաշված Ռուսաստան, մյուս կողմից` ակտիվ Թուրքիա, որն ուզում է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահ դառնալ: Եվ ունենում ենք լավ զինված, բայց իրեն վատ պահող Ադրբեջան, և դեռ Իրանի հարցն էլ գումարվում է սրան»:
Այս ամենի գինը, ըստ ՆԺԿ ղեկավարի, հայ-թուրքական հարաբերությունների համահարթեցումն է, ամեն գնով սահմանի բացումը, թուրքական ներդրումների ապահովումը Հայաստանում, Թուրքիայի կողմից Հայաստանից էլեկտրաէներգիայի գնումը:
«Դուք դեռ չգիտեք, սակայն շուտով երևի հայտնի կդառնա, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանը պատրաստվում է Հայաստանում տարեկան 3-4 մլրդ դոլարի ներդրում անել»,- ասաց Ա. Կարապետյանը:









































