Խորհրդարանի ընտրությանը բավական հետաքրքրական պատկեր էր արձանագրվել Շիրակի մարզում: Այստեղ ՀՀԿ հանդեպ գրեթե կատարյալ էր ԲՀԿ հաղթանակը: Իհարկե, զուտ նոմինալ թվաբանության տեսանկյունից ավելի շատ ձայն հավաքել էր ՀՀԿ-ն՝ մոտ 46 հազար, բայց ԲՀԿ հավաքած ձայնը շատ քիչ էր զիջում ՀՀԿ-ին՝ մոտ 43 հազար:
Ընդ որում, հետաքրքրական դինամիկա կա խորհրդարանի նախորդ ընտրության համեմատ: Եթե դրա համեմատ ՀՀԿ-ն մարզում ստացել է ընդամենը 12 հազար ավելի ձայն, ապա ԲՀԿ-ն պարզապես կրկնապատկել է իր ձայների թիվը: Իսկ մեծամասնական ընտրակարգով ԲՀԿ-ն վերցրել է մարզի 4 ընտրատարածքներից 3-ի մանդատը` միայն մեկը թողնելով ՀՀԿ-ին: Այդպիսով, նախորդ ընտրության համեմատ ԲՀԿ հաղթանակը ՀՀԿ հանդեպ պարզապես ակնհայտ է: Դա նաև զարմանալի չէ` նկատի ունենալով այն ծանրագույն սոցիալ-տնտեսական իրավիճակը, որն առկա է Շիրակի մարզում: Եվ որքան էլ կենտրոնական իշխանության ներկայացուցիչներն այցելում են մարզ ու խոստումներ տալիս, միևնույն է` մարզի բնակչությունը չի հավատում դրանց, որովհետև տեսնում է, որ այդ խոստումները իրական կյանքում չեն փոխում ոչինչ, և Շիրակի մարզի բնակչությունը շարունակում է մնալ գործազրկության, աղքատության, ինչպես նաև տեղական իշխանության և իշխանիկների դեմ միայնակ:
Մյուս կողմից` Շիրակում արձանագրված դինամիկայի առումով ԲՀԿ-ին էապես զիջելու հանգամանքը ՀՀԿ ղեկավարության մոտ թերևս հարցեր առաջացնի դրա համար պատասխանատուների, այսինքն` Շիրակի մարզի և Գյումրիի իշխանությունների նկատմամբ: Իհարկե, թերևս քիչ հավանական է, որ այդ հարցերը լինեն սոցիալ-տնտեսական իրավիճակի, կառավարման բացթողումների հետ կապված: Առավել հավանական է, որ հարցերը լինեն ընտրական գործընթացի վարչահրամայական կողմի կազմակերպման կապակցությամբ:
Այսինքն` հավանաբար Շիրակի իշխանությանը կներկայացվեն դիտողություններ այն կապակցությամբ, որ լավ չեն աշխատել և չեն կարողացել անել այնպես, որ ՀՀԿ-ն դինամիկայի մեջ չզիջի «Բարգավաճ Հայաստան»-ին: Փաստացի ակնհայտ է, որ ԲՀԿ տեղական կառույցը շատ ավելի լավ է աշխատել և ապահովել շատ ավելի դինամիկ արդյունք: Կարո՞ղ է արդյոք այդ հանգամանքը բերել մարզի և Գյումրիի իշխանության փոփոխության մասին ՀՀԿ քաղաքական որոշման: Արդյոք արդյունքը կարո՞ղ է ազդել մարզպետ Աշոտ Գիզիրյանի և քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետագա պաշտոնավարման վրա:
Այն, որ Շիրակի մարզում և Գյումրի քաղաքում կառավարման ամենաբարձր մակարդակում անհրաժեշտ են էական փոփոխություններ, թերևս անկասկած է վաղուց: Այդ փոփոխությունների լիարժեք հիմք են մարզի և Գյումրիի թե՛ բարոյահոգեբանական վիճակը, թե՛ սոցիալական ու տնտեսական պայմանները, թե՛ այն բարքերը, որ մասնավորապես Գյումրիի քաղաքապետը հաստատել է քաղաքում` իր կլանով հանդերձ:
Միգուցե այն բանից հետո, երբ ՀՀԿ-ն, այսպես ասած, իր մաշկի վրա զգաց տեղական մարզային և քաղաքային իշխանությունների ապաշնորհության հետևանքը, կայացվեն Շիրակի և Գյումրիի համար իսկապես կարևոր քաղաքական որոշումներ և քայլեր ձեռնարկվեն մարզում իշխանության տեսակն ու որակը արմատապես փոխելու ուղղությամբ:
Բանն այն է, որ Շիրակում սոցիալ-տնտեսական և հոգեբանական իրավիճակը ամբողջ Հայաստանի համար ունի ոչ միայն զուտ վիճակագրական նշանակություն, այլ նաև հոգեբանական: Հետևաբար, երբ մարզում ՀՀԿ քիթը մի քիչ քսվեց գետնին, միգուցե այդ ամենից հետո կենտրոնական իշխանությունը, Սերժ Սարգսյանը հասկանա, թե ինչ տհաճ վիճակում էր տեղի իշխանությունների գործունեության արդյունքում բառիս բուն և պատկերավոր իմաստով բերանքսիվայր գետնին հայտնված բնակչությունը: Եթե, իհարկե, հասկանան, և եթե, իհարկե, անհրաժեշտ որոշումները կայացվեն հենց բնակչության վիճակը բարելավելու, ոչ թե ընդամենը ՀՀԿ վարչահրամայական ներկայացվածությունն ամրացնելու ելակետով: Այլապես հաջորդ համապետական ընտրության ժամանակ Շիրակի մարզը թերևս կարելի է հռչակել ԲՀԿ երկրորդ կալվածք` Կոտայքի մարզից հետո:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի









































